
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառվել է կալանք։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում, ըստ իրավապահների, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել և տրամադրել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ, ինչպես նաև այլ քննչական և վարութային գործողություններ։
Վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։