8 հունիսի 2026 - 10:56 AMT
ԱԺ-ում կաշխատի 105 պատգամավոր՝ ՔՊ-ն կունենա 61 մանդատ, ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ

Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, հայտնում է News.am-ը:

Մանդատների կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ

«Ուժեղ Հայաստան» դաշինք 28 մանդատ

«Հայաստան» դաշինք – 11 մանդատ

ԲՀԿ – 5 մանդատ։

Վերջին փուլում ԲՀԿ-ին հաջողվել է հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը, ինչի արդյունքում քաղաքական ուժը մուտք է գործել խորհրդարան։

Չորս խոշորագույն ազգային փոքրամասնություններին հատկացված 4 մանդատներից երեքն ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մեկը բաժին է հասել «Ուժեղ Հայաստան» դաշինքին, որի մանդատների ընդհանուր թիվը դարձել է 28։

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ 2/3 ունենալու համար:

«Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,-գրել է նա:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։