8 հունիսի 2026 - 16:20 AMT
Զախարովա. ՌԴ–ն հարաբերություններ կկառուցի՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների իրական քայլերը

Մոսկվան մտադիր է Երևանի հետ իր հարաբերությունները կառուցել ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, ապա մենք մտադիր ենք մեր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը»,- հայտարարել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ընտրությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը խիստ բևեռացված է:

«Այս պայմաններում Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը, առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում և սոցիալ-տնտեսական ցնցումներ», – հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, որ «եղբայրական հայ ժողովրդին մաղթում են խաղաղություն և բարգավաճում»:

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։