
ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քարոզարշավը եղել է խիստ բևեռացված, նկատվել է արտաքին ուղղակի ճնշում, հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը:
Նշվել է, որ բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտնում է «Ազատությունը»:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է, որ բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվական լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը զգալիորեն սահմանափակել են ընտրողների հասանելիությունը անաչառ և վստահելի տեղեկատվությանը։
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում՝ ուժգնացող առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված էին ընտրողների վրա անհարկի ազդեցություն կիրառելուն ի օգուտ ընդդիմության»։
«Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», - նշել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում արտերկրից իրականացվել են ուղղակի ճնշման փորձեր՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգային սպառնալիքների միջոցով, որոնք նպատակ են ունեցել ազդել ընտրողների ընտրության վրա՝ հօգուտ ընդդիմադիր քաղաքական ուժերի։
«Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից», - նշել է ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Ֆարահ Քարիմին։
Կազմակերպության գնահատմամբ՝ այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա գործադրված ճնշումները՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով, և վերջերս ընդունված սոցիալ-տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի ընթացքում հավասար պայմանների ապահովման վերաբերյալ։
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։