9 հունիսի 2026 - 18:42 AMT
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նշված անձանց նկատմամբ ընդունվել են ձերբակալման մասին որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը։ Նախաքննության ընթացքում թեկնածուներից երկուսը հայտնաբերվել են, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։