10 հունիսի 2026 - 16:01 AMT
ՌԴ Պետդուման կտրուկ բարձրացրել է տուրքերը միգրանտների համար և նորերը սահմանել

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որով զգալիորեն բարձրացվել են միգրատների պետական տուրքերը և սահմանվել նորերը՝ դաշնային բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով։ Միաժամանակ օրենքով արտոնություններ են նախատեսվել միգրանտների որոշ կատեգորիաների համար։

Փաստաթղթով սահմանվել են նոր տուրքեր, որոնք նախկինում չեն գանձվել։ Մասնավորապես, կացության թույլտվության փոխարինման համար սահմանվել է 6000 ռուբլու, իսկ ժամանակավոր բնակության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար՝ 5000 ռուբլու տուրք, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, զգալիորեն բարձրացվել են մի շարք գործող վճարներ։ Բազմակի մուտքի վիզայի ձևակերպման տուրքը 1920 ռուբլուց դարձել է 6000 ռուբլի, Ռուսաստան մուտք գործելու հրավերի ձևակերպման վճարը՝ 960 ռուբլուց 8000 ռուբլի, իսկ կացության թույլտվության տուրքը՝ 6000-ից 30,000 ռուբլի։

Ավելացվել են նաև ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպման վճարները՝ 1920-ից մինչև 15,000 ռուբլի, կրթության նպատակով ժամանակավոր բնակության թույլտվության տուրքը՝ 1920-ից մինչև 8000 ռուբլի, օտարերկրյա աշխատողների ներգրավման թույլտվության արժեքը՝ յուրաքանչյուր անձի համար 12, 000-ից մինչև 15,000 ռուբլի, իսկ աշխատանքի թույլտվության տուրքը՝ 4200-ից մինչև 5000 ռուբլի։

ՌԴ քաղաքացիություն ստանալու կամ դրանից դուրս գալու համար պետական տուրքը 4200 ռուբլուց բարձրացվել է մինչև 50,000 ռուբլի, իսկ Ռուսաստան մուտքի կամ երկրից ելքի վիզաների տրամադրման և ժամկետի երկարաձգման տուրքը՝ 1200-ից մինչև 2000 ռուբլի։

Միաժամանակ օրենքով տուրքերից ազատվել են այն օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախկինում եղել են ԽՍՀՄ քաղաքացիներ և մասնակցում են հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դեպքում։

Նույն արտոնությունը տարածվել է նաև այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով ճանաչվել են Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա։ Նրանք ազատվում են ժամանակավոր բնակության թույլտվության կամ կացության թույլտվության տրամադրման տուրքերից։

Քաղաքացիություն ստանալու և կացության թույլտվության տրամադրման տուրքերից ազատվել են նաև այն օտարերկրացիները, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում պայմանագիր են կնքել ՌԴ զինված ուժերում ծառայության համար։

Բացի այդ, վերացվել է ՌԴ քաղաքացիության առկայության կամ բացակայության փաստի հաստատման համար պետական տուրքի գանձումը։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից մեկ ամիս անց։ Ֆինանսատնտեսական հիմնավորման համաձայն՝ միգրացիոն ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում դաշնային բյուջեի լրացուցիչ եկամուտները ընթացիկ տարում կարող են կազմել մոտ 7․915 միլիարդ ռուբլի, իսկ 2027 թվականից սկսած՝ տարեկան մոտ 15․83 միլիարդ ռուբլի։