
Պետական մարմինների բաց աղբյուրների համաձայն՝ պարզվել է, որ մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303, 183, 174 մարդ է հաշվառված եղել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը մամուլի ասուլիսում:
«Մի լուրջ խախտում են արձանագրել. պետական մարմինների բաց աղբյուրներից 846 հասցե ենք հանել և պարզել, որ մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303, 183, 174 մարդ է հաշվառված եղել։ Արդյունքում ահռելի թվականակ է դառնում։ Այս ամենի վերաբերյալ ոչ մի պատշաճ մեկնաբանություն չի տրվել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից մոտ 700 անձ է ձերբակալվել կամ կալանավորվել։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում եղել են նաև տարեց կանայք, որոնք ընդամենը եկել էին կուսակցության անդամագրման նպատակով, սակայն հետագայում նրանց տներ են այցելել, ձերբակալել, հարցաքննել և ազատ արձակել։
«Բոլոր 2005 ընտրատեղամասերում մենք ունեինք 3–ական վստահված անձ։ Իշխանություններն առավել պատրաստված անձանց փուլ առ փուլ ձերբակալում էին»,– ասել է ն։
Նա հավելել է, որ հետապնդումների շղթան դեռ շարունակվում է ԿԸՀ–ն քննում է միջնորդություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին։
Մելոյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը զեկույց է պատրաստում արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ բազմաթիվ արցախցիներ, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն և ունեցել են հաշվառում, ընտրության օրը պարզել են, որ բացակայում են ընտրացուցակներից, իսկ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումները չեն աջակցել խնդրի լուծմանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել անվավեր ճանաչված քվեաթերթիկների թվի վրա՝ նշելով, որ եթե 2018 թվականին դրանց թիվը կազմել է 4706, 2021 թվականին՝ 4593, ապա այս ընտրություններում արձանագրվել է 17,097 անվավեր քվեաթերթիկ։
«Եթե մանդատների բաշխման Դոնթի բանաձևով հաշվենք, ըստ էության` մեկ մանդատից ավելի քվե է ստացվում։ Սա մտահոգիչ է, քանի որ մի քանի ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, մեր քվեաթերթիկն ընդամենը ծալված է եղել, որն անվավեր են համարել, որի իրավունքը չունեն։ Եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկը պատռված է եղել, դա վավեր են ճանաչել, իսկ այս դեպքում որոշել են անվավեր ճանաչել»,– հայտարարել է Մելոյանը։
Նա անդրադարձել է նաև սարքերի կտրոնների և ընտրացուցակներում նշված համարների անհամապատասխանության դեպքերին։
«Սա լուրջ ահազանգ է, որ հնարավոր է համակարգը կոտրել են ու ինչ–որ մեխանիզմ են ներդրել»,– ասել է Մելոյանը ավելացնելով, որ կտրոնը ստանալիս, երբ մարդը մատնահետք է թողել, սարքի երեք լույսերից որևէ մեկը չի վառվել։
Բացի այդ, նրա խոսքով, մի շարք ընտրատեղամասերում քվեատուփերը պատշաճ կերպով կապարակնքված չեն եղել, ինչը, ըստ Մելոյանի, հնարավորություն է տվել ցանկացած պահի բացել և փակել դրանք։
«Մենք ունենք տեսանյութ, որ հանձնաժողովի նախագահը քվեատուփը վերցնում, բերում– դնում է տեսախցիկների հետևը, և ողջ օրվա ընթացքում չենք կարողանում տեսնել, թե այդ քվեատուփի հետ ինչ է տեղի ունենում»,– ասել է պատգամավորության թեկնածուն։
Մելոյանը նաև նշել է, որ ընտրողների թվաքանակը մինչև ընտրությունները պարբերաբար փոփոխվել է։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին, թե վերահաշվարկների արդյունքում իրենց ձայների թիվն աճել է, նա հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ արձանագրվել է հակառակ պատկերը։
Խոսելով զինծառայողների մասնակցության մասին՝ Մելոյանը նշել է, որ նրանց ընտրատեղամասեր են բերել քվեարկության ավարտից անմիջապես առաջ, ինչը, ըստ նրա, կարող է ուղղորդվածության տպավորություն ստեղծել։ Նա նաև ասել է, որ զինծառայողները ընտրատեղամաս են մուտք գործել նույն շենքի տարբեր սենյակներից։
«Մենք ունենք մտահոգություն, որ եղել են զինվորներ, որոնց ընտրություններից երկու օր առաջ տուն են թողել, նա ընտրատեղամասում իր անձնագրով է քվեարկել, ապա վերադարձել զորամաս և քվեարկել զինգրքույկով։ Ստացվում է կրկնաքվեարկություն, որը դեռ պետք է ստուգենք»,– ասել է Մելոյանը։
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։