
Տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը, հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Պռեգոմեշ» ապրանքանիշի և խանութի հիմնադիր, երգչուհի Սիրուշոն տեղեկացրել էր, որ իրենց պահանջել են մինչև հունիսի 11-ը խանութի ցուցափեղկից հեռացնել «Էջմիածին» անվանումով խաչը։
«Երևանում կա օրենքի գերակայություն։ Եվ դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից…Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար արձանագրվել է ընթացակարգային խախտում։
Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը»,-ասվում է գրառման մեջ:
Կարապետյանը նաև հայտնել է, որ խախտման վերաբերյալ ահազանգ է ստացվել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։
«Թեմային կրոնական կամ հոգևոր ենթատեքստ հաղորդելու փորձերը ևս անհիմն են։ Խոսքը եկեղեցու, կրոնական կառույցի կամ հավատքի խորհրդանիշի մասին չէ, այլ առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի մասին, որի նկատմամբ կիրառվել է նույն մոտեցումը, որը կիրառվում է նման բոլոր դեպքերում:
Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Այդ ժամանակներն անցել են, բոլորը հավասար են օրենքի առաջ»,-գրել է նա:
Մինչդեռ Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամիսներ շարունակ նույն ձևաչափով տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը, ոչ ոք ոչինչ չի ասել:
«Չեմ սիրում նման թեմաներին ավել անդրադառնալ, վերջին տարիներին շատ եմ տհաճ իրավիճակներով անցնում, որոնց դեմ լուռ պայքարում եմ ու շարունակում աշխատել: Բայց քանի որ սա հնչեղություն ստացավ՝ (ինչը նշանակում է, որ կան սրտացավ ու մտահոգ մարդիկ) պարզաբանեմ.
Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում:
Ուրեմն. ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը։ Այդ ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութը։ Ամիսներ: Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»,-գրել է նա: