
ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք թիրախներին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ սկսել են ինքնապաշտպանության նպատակով լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող մի շարք թիրախների։ Այս հարվածները պատասխան են Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային», - ընդգծել են հրամանատարությունում, հայտնում է BBC-ն:
Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ պայթյուններ են գրանցվել առնվազն Իրանի վեց շրջաններում։
Axios-ի տվյալներով՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, թիրախավորված բոլոր օբյեկտները գտնվել են Իրանի հարավում և ներառել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու սարքերի կառավարման և հրամանատարական ստորաբաժանումներ։
Ավելի ուշ CENTCOM-ը հայտնել է, որ Իրանում թիրախների դեմ նոր հարվածներն ավարտվել են։
Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Խոսքը նույն երկու թիրախների մասին է, որոնք մեկ օր առաջ նույնպես ենթարկվել էին իրանական պատասխան հարվածների։
«ԻՀՊԿ ռազմաօդային և ռազմածովային ուժերը իրականացրել են գործողությունների երկու ալիք՝ հարվածելով և ոչնչացնելով 18 կարևոր ամերիկյան ռազմական թիրախ Ալ-Սալեմ, Ահմադ ալ-Ջաբեր և Շեյխ Իսա ավիաբազաներում», - հայտնել է Press TV հեռուստաալիքը։
Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայում թիրախավորվել են «Patriot» համակարգերի կապի ալեհավաքներն ու ռադիոլոկացիոն միջոցները։
ԱՄՆ-ի նոր գործողություններին ի պատասխան՝ Իրանը նաև նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բոլոր նավերը, այդ թվում՝ նավթատարներն ու առևտրային նավերը, ենթակա են հարվածի:
Ռմբակոծությունների նոր ալիքի մեկնարկից կարճ ժամանակ անց Իրանի պետական լրատվամիջոցները, հղում անելով զինվորականներին, հայտնել են, որ Իրանը հարվածել է երկու առևտրային նավերի, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով։
Իրանական պետական լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով թիրախավորվել են Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը։
Պայթյունների ձայներ են լսվել Պարսից ծոցում գտնվող Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։
Սակայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմական նավերի վրա հարձակումների մասին տեղեկությունները։
«Նավերից և ոչ մեկը հարվածի չի ենթարկվել», - նշել են CENTCOM-ում՝ իրանական լրատվամիջոցների պնդումները որակելով «կեղծ»։
Ամերիկյան ռազմական հրամանատարությունը նաև հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ։
«Առևտրային նավերն այս գիշեր շարունակում են մուտք գործել և դուրս գալ Հորմուզի նեղուցով», - նշել են CENTCOM-ում։
Ավելի վաղ, Պարսից ծոցի շրջանում ամերիկյան և իրանական ուժերի միջև տեղի ունեցած փոխադարձ հարվածներից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր կրկին «մեծ ուժով հարվածել» Իրանին։
Հունիսի 10-ին Թրամփը սոցիալական ցանցում գրել է. «Նրանք չափազանց երկար են ձգձգել մի համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը կարող էր հիանալի լինել իրենց համար, և այժմ ստիպված են լինելու դրա գինը վճարել»
Այնուհետև նա կրկնել է իր պնդումը, թե ռազմական տեսանկյունից Իրանը լիովին պարտության է մատնվել։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է բանակցային գործընթացին վնասելու մեջ՝ «իրար հակասող հայտարարություններով, դիրքորոշումների և պահանջների մշտական փոփոխությամբ և, որ ամենավատն է, հրադադարի շարունակական խախտումներով»։
Բաղայիի խոսքով՝ Իրանը ներկայում գնահատում է ստեղծված նոր իրավիճակը, սակայն համոզված է, որ բանակցությունների համար անհրաժեշտ է առնվազն նվազագույն կայունություն։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ նախորդ գիշեր հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների 21 թիրախի ուղղությամբ՝ Բահրեյնում և Հորդանանում։ Քուվեյթի բանակը հայտնել է, որ նույնպես ստիպված է եղել հետ մղել իրանական հարձակումը։
Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյային, ավելի ուշ հայտնել է, որ իրանական հրթիռների գրեթե ամբողջ մասը խոցվել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Խոցված Apache ուղղաթիռի վերաբերյալ Թրամփը, Fox News-ի փոխանցմամբ, ասել է, որ այն ոչնչացվել է շատ ցածր բարձրության վրա գտնվող անօդաչու սարքի կողմից։
Apache-ի երկու օդաչուներին ամերիկյան ծովային անօդաչու սարքը հայտնաբերել է ջրում, որից հետո նրանք տարհանվել են մեկ այլ ուղղաթիռով։
Միաժամանակ Հնդկաստանի իշխանությունները չորեքշաբթի հայտնել են, որ Հորմուզի նեղուցում, Պալաուի դրոշով ընթացող Settebello առևտրային նավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի երկու հնդիկ անդամ անհետ կորել են, իսկ մյուս 21-ը փրկվել են։
Ավելի վաղ ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ հարվածել են տանկերին, քանի որ այն փորձել է ճեղքել շրջափակումը և Իրանից նավթ դուրս բերել։ Նրանց խոսքով՝ Settebello-ն հրաժարվել է կատարել հրահանգները, ինչից հետո ամերիկյան ինքնաթիռը «բարձր ճշգրտության զինամթերքով» հարվածել է նավի շարժիչային բաժանմունքին։
ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստներն այն բանից հետո, երբ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների, փաստացի փակել է Հորմուզի նեղուցը։
Settebello-ն դարձել է արդեն ութերորդ նավը, որի ուղղությամբ ամերիկյան զինվորականները կրակ են բացել։
Իրանական IRNA գործակալությունը հայտնել է Մինաբ և Սիրիկ քաղաքների շրջաններում պայթյունների մասին։ «Reuters»-ի տվյալներով՝ պայթյուններ են լսվել նաև Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբաս քաղաքում՝ օդանավակայանի և ռազմական բազայի մոտ, ինչպես նաև Գորգան նավահանգստային քաղաքում, գրում է Deutsche Welle-ն:
22 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական պետություններ, մեղադրել են Իրանին իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։
«Մեր տարածքում մարդկանց սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», - նշված է հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Թեհրանին նման գործողությունները դադարեցնելու պահանջով դիմել են Գերմանիան, Ալբանիան, Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Շվեդիան և ԱՄՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ՀԱՊԿ) հետախուզական կառույցները և դրա արտասահմանյան «Ալ-Քուդս» ստորաբաժանումը զբաղվում են «մահաբեր դավադրություններով և վնասակար գործունեությամբ»՝ ուղղված իրանցի այլախոհների, լրագրողների և հրեական համայնքների դեմ։
Երկրները նաև մեղադրել են Թեհրանին ամբողջ Եվրոպայով մեկ հարձակումների արշավ կազմակերպելու մեջ, որոնք վերագրվում են Իրանի հետ կապված «Հարաքաթ Ասհաբ ալ-Յամին ալ-Իսլամիա» («Աջ ձեռքի ուղեկիցների իսլամական շարժում») խմբավորմանը։ Ավելի վաղ այդ կազմակերպությունը ստանձնել էր Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում հրեական համայնքների դեմ հարձակումների և սինագոգների հրկիզումների պատասխանատվությունը։