27 հունիսի 2009 - 14:54 AMT
Համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ համաժողովին «գլոբալ համաձայնություն» է ձեռք բերվել
Նյու-Յորքի ՄԱԿ շտաբակայանում իր աշխատանքն է ավարտել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ զարգացման համար նրա հետեւանքների հարցի շուրջ ՄԱԿ համաժողովը, հաղորդում է ՄԱԿ մամլո ծառայությունը:

Համաժողովի մասնակիցները հավանություն են տվել ամփոփագրին: Դրանում ձեւակերպվել է ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ միջոցների մասին «գլոբալ համաձայնությունը»: Այն, մասնավորապես, նախատեսում է համաշխարհային ֆինանսական ինստիտուտների` Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի ռեֆորմը:

Համաժողովի մասնակիցները ճանաչեցին, որ աշխարհն ամենածանր ֆինանսատնտեսական ճգնաժամն է ապրում Մեծ դեպրեսիայի ժամանակից ի վեր: Այն առաջացավ համաշխարհային ֆինանսական կենտրոնների ներսում եւ տարածվեց ողջ համաշխարհային տնտեսության վրա` առաջացնելով լուրջ սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ:

Վերլուծելով ճգնաժամի առաջացման պատճառները` Համաժողովի մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ դրանց թվի մեջ մտնում են անհետեւողական եւ ոչ բավականաչափ կոորդինացված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինչը «անընդունելի արդյունքների հանգեցրեց գլոբալ մասշտաբով»: Իրադրությունը սրեցին լուրջ բացթողումները ֆինանսական կարգավորման, հսկողության ոլորտում եւ դիտարկման ու վաղ նախազգուշավման հարկի համակարգի բացակայությունը:

Ամփոփագրում որոշվել են նաեւ ճգնաժամի արձագանքելու առաջնային միջոցները: Ընդունված որոշումներում մատնանշվում է, որ առաջնային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որպեսզի կայունացվեն ֆինանսական շուկաները եւ վերականգնվի նրանց հանդեպ վստահությունը եւ դիմակայեն պահանջարկի ու տնտեսական անկմանը: Այդ ուղղությամբ արդեն մասշտաբային գործողություններ են նախաձեռնվել մակրոտնտեսական կայունության օժանդակման եւ միջազգային ֆինանսական համակարգի ամրապնդման համար:

Միեւնույն ժամանակ վճռական եւ շտապ գործողություններ են հարկավոր բնակչության առավել խոցելի խավերին` ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար:

Համատեղ հռչակագրում արտացոլվել է մի շարք պետությունների կոչը առավել արդյունավետ պահեստային համակարգ ստեղծելու նպատակահարմարության հետագա ուսումնասիրման վերաբերյալ: Այդպիսի առաջարկներով, մասնավորապես, բազմիցս հանդես է եկել Ռուսաստանը: