27 հունիսի 2009 - 17:03 AMT
Բակո Սահակյանը ԵՊՀ պատվիրակության հետ քննարկել է ԼՂՀ-ում կրթության եւ գիտության զարգացման հարցերը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի դերը հայրենի գիտության եւ կրթության զարգացման գործում:

Նախագահն ընդգծել է Հայաստանի Մայր բուհի հետ Արցախի պետական համալսարանի սերտ համագործակցության անհրաժեշտությունը` համարելով այն մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման կարեւոր գործոններից մեկը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: