20 մայիսի 2002 - 23:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեկ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի այլ երկրներում, նշվել է Օսմանյան Թուրքիայում իրականացված պոնտիացի հույների ցեղասպանության հիշատակի օրը: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հույներին միավորող «Պատրիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է երթ դեպի հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կուշակոթողը: Անցած դարասկզբին Թուրքիայում զոհված միլիոնավոր հայերի եւ հույների հիշատակը հարգել են Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, Հունաստանի դեսպանատան աշխատակիցները, հունական համայնքի ներկայացուցիչները, քաղաքական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների գործիչներ: Հիշեցնենք, որ 1916 թվականից սկսած սկզբում երիտթուրքերի կառավարությունը, այնուհետեւ քեմալիստները անց էին կացնում հույների ոչնչացման նպատակամղված քաղաքականություն: Արդյունքում` մոտ երեք հարյուր հազար պոնտիացի հույներ սպանվել են, մեկուկես միլիոնը փրկվել փախուստով: Հայաստանում հունական համայնքը, ինչպես նաեւ մի քանի կուսակցություններ երկրի ղեկավարության առջեւ հարց են բարձրացրել` ճանաչել Օսմանյան Թուրքիայում պոնտիացի հույների ցեղասպանության փաստը: Ինչպես հայտնի է, Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է 1915 թվականին հայերի ցեղասպանության փաստը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: