
Հունիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյին ՀՀ Բարեկամության շքանշանի հանձնման պաշտոնական արարողությունը։
Շնորհավորական խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, որը կարևորել է Բրիս Ռոքֆոյի էական ավանդը վերջին տարիներին հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչի վերաբերյալ հռչակագիրը երկու երկրների ղեկավարները ստորագրել էին մայիսի 5-ին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։
Ելույթ է ունեցել նաև վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, որը շնորհակալություն է հայտնել այս բարձր պարգևի համար և վերահաստատել իր հանձնառությունը շարունակելու աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման։
Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրիս Ռոքֆոյի ընտանիքի անդամները: