27 հունիսի 2009 - 20:33 AMT
ARMACAD-ը մտադիր է անմիջական շփումներ հաստատել ողջ աշխարհի հայ ուսանողների միջեւ
Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիան (ARMACAD) աշխարհի ամենահայտնի համալսարանների ներկայացուցիչների հետ միասին նշել է կազմակերպության հիմնադրման տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական ընկերակցությունների, Հարվարդի համալսարանի շրջանավարտների հայկական ընկերակցության, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ ու ուսանողներ:

Իր ելույթում ARMACAD-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը կարեւորեց անմիջական կապերի հաստատումը Հայաստանի ու արտերկրի համալսարանների ուսանողների միջեւ: Նա ընդգծել է, որ կազմակերպությունը հենց այդ նպատակն է հետապնդում:

Հարվարդի համալսարանի հայկական ընկերակցության ներկայացուցիչ Լեսլի Նաջարյանն իր հերթին ասաց, որ ողջունում է հայաստանցի ուսանողների մուտքը Հարվարդ: «Մենք միայն ուրախ կլինենք, եթե Հարվարդի համալսարանում շատ ուսանողներ սովորեն Հայաստանից, քանի որ մեր նպատակն է մասնագետներ պատրաստել մեր Հայրենիքի համար: Մենք կօժանդակենք կրթաթոշակի, կացարանի հարցում»,-ասել է նա:

ARMACAD-ի ջանքերով տարբեր հայտնի բուհերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության մասին եւ ակադեմիական կրթության հարցերում հայ ուսանողներին օժանդակելու վերաբերյալ: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն արդեն համագործակցություն է հաստատել տարբեր երկրների ասոցիացիաների ու համալսարնների միջեւ, իրականացրել է տարբեր նախագծեր, ակադեմիական կոնֆերանսներ է կազմակերպել, դասախոսություններ, որ ընթերցել են հայտնի հայ եւ օտարերկրյա փորձագետներ ու գիտնականներ: