
Սահմանադրական դատարանը կարող է իրապես անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով իր հիմնավորումները։
Նա նշել է, որ Սահմանադրության պահանջը չի կատարվել, և հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ և արդար՝ հավելելով, որ մինչ ՍԴ դիմելը, իրենց փաստարկները ներկայացրել են ԿԸՀ-ին:
«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել․․․«Այս ընտրությունները նրանով են «հետաքրքիր», որ փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից հունիսի 14-ը, մենք ունեցել ենք զանգվածայաին կազմակերպված ձևով ընտրախախտումներ»,-հավելել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՍԴ այսօրվա կազմը անկողմնակալության լրջագույն խնդիրներ ունի:
Տեսանյութին կից Վարդևանյանը գրել է․ «Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին: Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է պարզապես հիշեցնել, որ իրավունքը չի կարող նսեմացվել: Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
Նա կարևորել է իրենց քվե տված բոլոր քաղաքացիների աջակցությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իրեն ձայն տված քաղաքացիներին հորդորել է հուլիսի 26–ին հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ` պաշտպանելու իրենց քվեն։ Այդ մասին տեսաուղերձով հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ` կոչ անելով հավաքվել 13:00-ին: