29 հունիսի 2026 - 14:22 AMT
Օրբելյան. Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն

ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումներ արձանագրված գրեթե բոլոր ընտրատեղամասերում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Սահմանադրական դատարանում:

Նա այդպես է պատասխանել ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այն բոլոր ընտրատեղամասերը, որոնցում առկա են խախտումները կամ դրանց մոտ 99 տոկոսում, հաղթել է ՔՊ-ն։ Մնացած բոլոր տեղամասերում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները եղել են 40-50 տոկոսի սահմաններում։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ շեղումներ չեն եղել, մնացած կուսակցությունների և ՔՊ-ի միջև ձայների բաշխումը քիչ, թե շատ համապատասխանում է 50 տոկոսի սահմանագծին»,- ասել է Օրբելյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս կասկածի տակ դնել ամբողջ ընտրական գործընթացը։ Նա նշել է, որ տվյալները մշակվել են Six Sigma որակի կառավարման ստանդարտի կիրառմամբ։

Օրբելյանը հիշեցրել է, որ ընտրատեղամասերի մոտ 20 տոկոսում արձանագրվել է քվեաթերթիկների թվի և քվեարկած ընտրողների թվի անհամապատասխանություն։ Նրա խոսքով՝ 103 ընտրատեղամասերում, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկության տեղամասերում, քվեատուփերում հայտնաբերվել է 269-ով ավելի շատ քվեաթերթիկ, քան եղել է քվեարկողների թիվը։ Միաժամանակ, 308 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը եղել է ավելի քիչ, քան քվեարկած քաղաքացիների թիվը։

«Այսպիսով, եթե այս թվին գումարենք վերը նշված 103 տեղամասերը, կստացվի տեղամասերի ընդհանուր թվի մոտ 20% շեղում», - ասել է Օրբելյանը։

Նա ընդգծել է, որ ներկայացված տվյալները վերաբերում են միայն արձանագրված անհամապատասխանությունների մի մասին, իսկ դրանց ամբողջական վերլուծությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ հայտնաբերված խախտումները հիմք են տալիս կասկածի տակ դնել քվեարկության ընդհանուր արդյունքները։

ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հունիսի 19-ին յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Միավորված գործի քննությունը ՍԴ-ում սկսվել է հունիսի 26-ին, իսկ դատարանը գործով որոշում կայացնելու համար ունի 15-օրյա ժամկետ։