29 հունիսի 2026 - 17:54 AMT
ՍԴ-ում կրկին առաջարկվել է քննարկման առարկա դարձնել Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվել է։ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին առաջարկել են քննարկման առարկա դարձնել այս հարցին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հանգամանքը, հայտնում է Sputnik Արմենիան:

Սաֆարյանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներում մատնանշված արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությանն ընտրությունների վրա, հարց է ուղղել, թե արդյոք ազդող չե՞ն եղել «ՌԴ նախագահի, ռուս տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար ՀՀ իշխանության դեմ վարվող հակաքարոզչությունը, այլ ուժերի նկատմամբ պաշտպանությունը», արտահանողների նկատմամբ կիրառված սահմանափակումները։

«Բարձր դատարան, քաղաքական հայտարարություն է արվում ամբիոնից, խնդրում եմ դադարեցնել»,- ասել է նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը` առանց թույլտվության վրդովված մոտենալով խոսափողին։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատողություն է հայտարարել Օրբելյանին։

«Սա քաղաքական բնույթի հարցադրու՞մ է, թե՞ իրավական․․․ Այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի՝ կանխակալության կամ անաչառության մտահոգություն է առաջացնում»,- ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցին։

Ավելի ուշ, մեկնաբանելով Սաֆարյանի բարձրացրած հարցադրումները, Վարդևանյանն ասել է, որ դատական նիստի ընթացքում արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվել է, որ դատավորները պետք է քննության առարկա դարձնեն հերթական անգամ մասնակցության անհնարինության հարցը, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ հարցադրման բովանդակությունը, իր կարծիքով, բխել է ՍԴ դիմած ուժերից մեկի քաղաքական խոսույթից։ Հստակեցնող հարցին՝ ո՞ր ուժի մասին է խոսքը, Վարդևանյանը կարճ պատասխանել է. «Ես վստահ եմ՝ դուք կկռահեք»։

Այն դիտարկմանը, թե արդյոք դատարանը կքննարկի դատավորի մասնակցության անհնարինության հարցը, նա նշել է, որ նիստի ընթացքում նոր հանգամանք է ի հայտ եկել։

«Սա, կարծում եմ, իսկապես նոր հանգամանք էր, որը տեղի ունեցավ դռնբաց դատաքննության ընթացքում՝ բոլորի ներկայությամբ»,- նշել է Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ նման հարցադրումների ձևակերպումը դժվար է նույնացնել «ի պաշտոնե քննության» սկզբունքի հետ, քանի որ այն, ըստ նրա, չի կարող սահմանափակվել մամուլի հաղորդագրությունների մեջբերմամբ։

Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել էր․ «Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։