
Կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը զուգահեռ կառավարության շենքի դիմացի մայթին բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով:
Ակցիայի մասնակիցներին չեն թույլատրել մոտենալ կառավարության շենքին, տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ, հայտնում է Panorama.am-ը:
Մասնակիցները եկել էին քրեակատարողական հիմնարկներում և տնային կալանքի տակ գտնվող սրբազանների, քաղաքական-հասարակական գործիչների լուսանկարներով՝ հիշեցնելով, որ, նրանց գնահատմամբ, նրանք բանտարկված են իրենց քաղաքական հայացքների և ազատ խոսքի համար։
Նրանք նաև ընդգծել են, որ ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության, ինչպես նաև մերժել են բռնապետությունը, որի հաստատման փորձեր, իրենց գնահատմամբ, արվում են Հայաստանում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար՝ 450 միլիոնանոց սպառողների շուկայում։