2 հուլիսի 2026 - 15:20 AMT
Մինասյան. «Հայաստան» դաշինքը ոչ միայն դեմ կքվեարկի ԸՕ փոփոխություններին, այլև կդիմի ՍԴ

ԱԺ «Հայաստան» դաշինքը ոչ միայն դեմ կքվեարկի ԸՕ փոփոխություններին, այլև կդիմի ՍԴ, եթե այն ընդունվի, հայտարարել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա հերքել է իշխող խմբակցության պատգամավորների պնդումները, թե հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ նպատակաուղղված վերադարձել են հայրենիք։

Իշխող քաղաքական ուժը, ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը, վստահեցրել է, թե նպատակն այն է, որպեսզի Հայաստանում չբնակվող քաղաքացիները ազդեցություն չունենան ընտրությունների վրա՝ միայն այդ նպատակով զանգվածաբար ժամանելով երկիր, գրում է Sputnik Արմենիան:

Մինասյանը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալները, որոնք հրապարակվել են Սահմանադրական դատարանում։

Ըստ այդ տվյալների՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Հայաստան ժամանածների և երկրից մեկնածների տարբերությունը եղել է շատ փոքր՝ ընդամենը 2000-3000-ի սահմանում, մինչդեռ գործող իշխանությունը պնդել է, թե մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հատկապես Ռուսաստանից եկել են հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով։

«ԱԱԾ պաշտոնական տվյալներով 2025 թ. մայիսի 25–ից հունիսի 20–ը ՀՀ քաղաքացու և երկքաղաքացու փաստաթղթերով ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել 154,115 անձ, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում 157,048 մարդ։ Կան նաև ելքի ցուցանիշները 2026 թվականին 152,078 մարդ, 2025 թվականին` 149,074 մարդ։ Պատահական չէ, որ իշխող ուժը խոսում է Ռուսաստանից եկածների մասին, լավ կլիներ խոսեին նաև Եվրոպայից եկածների մասին և, ընդ որում, այնպես չէ, որ Ռուսաստանից եկածները ՔՊ–ին դեմ են քվեարկել»,– ընդգծել է Մինասյանը։

«ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտվել է։ Նախագիծը Ազգային ժողով է ներկայացվել հրատապության կարգով, և առաջինից երկրորդ ընթերցման քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենան նույն օրը։