
«Ռոսատոմն» առաջարկել է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ ապագա էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Մեր առաջարկը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու էներգաբլոկով, որը տասնամյակներով կփակի սպասվող էներգետիկ պակասուրդը»,- լրագրողներին ասել է Ալեքսեյ Լիխաչովը, հայտնում է Newizv.ru-ն:
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսն ապահովվում է ատոմային էներգետիկայի հաշվին։ Միևնույն ժամանակ, հեռանկարում երկիրը կարող է բախվել հզորությունների պակասի, որը, Լիխաչովի գնահատմամբ, կարող է հասնել մեկ գիգավատի։
«Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ նման սցենարին անհրաժեշտ է նախապես պատրաստվել՝ զարգացնելով նոր էներգետիկ նախագծեր։ Որպես հնարավոր լուծում դիտարկվում է մեկ կամ երկու էներգաբլոկով ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Լիխաչովը նաև ընդգծել է, որ զարգացած ատոմային ոլորտի առկայությունը վկայում է երկրի արդյունաբերական և տնտեսական զարգացման բարձր մակարդակի մասին։
ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին:
«Ռոսատոմ Սերվիս» ընկերության հետ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։