
ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ TRIPP նախագծի իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի, հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Նա հավելել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում առաջնահերթ պետք է լինեն այդ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների կանխումը, հայտնում է Panorama.am-ը:
«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն և դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասել է նա:
Դեսպանը նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումից անցել է ընդամենը 20 օր, սակայն այդ ընթացքում արդեն արձանագրվել են խախտումներ։
«Ուստի, Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի այդ անհանգստություններին»,-ասել է նա:
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։