
Թալին համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել են, որ հրաժարվում են պատգամավորական մանդատից:
Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարունակելու է պաշտոնավարել որպես Թալին համայնքի ղեկավար։
«Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։
Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում»,- գրել է նա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։ Նա նշել է, որ այդ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ:
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։ Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: