10 հուլիսի 2026 - 10:46 AMT
Վարդան Ղուկասյանի որդին ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից։ Նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գրում է «Փաստինֆոն»:

«Կալանքը փոխարիվել է տնային կալանքով։ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել»,-հայտնել է նա։

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել է, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։

2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացրել։