29 հունիսի 2009 - 21:54 AMT
ԵԽԽՎ N 1677 բանաձեւը բեկում է մտցրել Հայաստանի ներքաղաքական կյանքում
ԵԽԽՎ N 1677 բանաձեւի ընդունումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դրության մասին լուրջ բեկում է մտցրել երկրի ներքաղաքական կյանքում: Այդ մասին հունիսի 29-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, ամփոփելով ԵԽԽՎ նստաշրջանի արդյունքները, հայտարարել է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանի նախագահի կողմից հայտարարված համաներումն էական ազդեցություն է ունեցել երկրի ներքաղաքական կյանքում լարվածությունը մեղմելու վրա: Հենց այդ մասին է խոսվում ԵԽԽՎ ընդունած բանաձեւում»,- ընդգծել է հայ պատգամավորը: Զոհրաբյանի խոսքերով, ԵԽԽՎ բանաձեւում նաեւ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը եւ նոր էջ բացել երկրում ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման համար:

«ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ համաներման միջոցով Հայաստանի իշխանությունները երկխոսություն են առաջարկում իրենց քաղաքական ընդդիմադիրներին: Իհարկե, չի կարելի ասել, որ ներկա դրությամբ բոլոր խնդիրները լուծված են: Բայց անհրաժեշտ է նշել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար կատարվել է առաջին, ամենակարեւոր քայլը: Այդ էջը մենք կարող ենք փակված համարել եւ անցում կատարել քաղաքական երկխոսություն ստեղծելու դաշտին»,- հայտարարել է Զոհրաբյանը: