
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն տեղեկություն են ստացել, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը, Մալիշկա գյուղի 49-ամյա բնակչի աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։ Պարզվել է, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։
Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնել են բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Հանգամանքները պարզվում են: