30 հունիսի 2009 - 14:56 AMT
Հայաստանի բնակչության 58 տոկոսը համոզված է, որ համաշխարհային ճգնաժամն անդրադարձել է իրենց ընտանիքների վրա
Մարքեթինգի հայկական ասոցիացիան, որը միջազգային հետազոտական «Եվրասիական մոնիտոր» կոնսորցիումի անդամ է, 2009թ. ապրիլի 20-30-ը մոնիտորինգային հետազոտություն է անցկացրել Հայաստանի ողջ տարածքում, որտեղ քննարկվել են նաեւ ճգնաժամին վերաբերող հարցեր, ասվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության, հարցումն անց է կացվել Երեւանում, շրջկենտրոններում եւ գյուղերում: Հարցման ենթարկվածների ընդհանուր թիվը 1082 է:

Հարցման ենթարկվածներին խնդրել են գնահատել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը իրենց ընտանիքների վրա: Նշվել է կտրուկ աճ ընտանիքի ֆինանսական վիճակի առումով`եթե նախկին հարցման մասնակիցների միայն 13 տոկոսն էր նշել, որ համաշխարհային ճգնաժամն անդրադարձել է իրենց ընտանիքների վրա, ապա այժմյան ցուցանիշը հասել է 58 տոկոսի, այսինքն աճել է գրեթե 4,5 անգամ: Հարցվածների միայն 8 տոկոսն է մտածում, թե ճգնաժամը չի անդրադարձել իրենց ընտանիքների վրա:

Հարցվածները նշել են նաեւ, թե ճգնաժամի ինչ դրսեւորումների հետ են իրենք բախվել վերջին 3 ամսում: 85 տոկոսը նշել է ապրանքների եւ ծառայությունների գների աճը, 29 տոկոսը նշել է եկամուտների կրճատումը, 26 տոկոսը աշխատանքից ազատվելու խնդրին է բախվել, 20 տոկոսը` աշխատավարձերի, թոշակների, կրթաթոշակների վճարումների ձգձգման հետ: Նշվել են նաեւ պարտք վերցնելու անհրաժեշտությունը, վարկի տրամադրման մերժումը, հանցավորության աճը, խուճապն ու դեպրեսիան շրջապատում, բանկում միջոցների չվճարումը եւ այլն:

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, ճգնաժամի արդյունքում հարցվածների 71 տոկոսը սկսել է տնտեսել գնումների առումով, 63 տոկոսը` տնտեսել ամեն ինչում, 12 տոկոսը` հանգստի, զվարճանքների վրա, 10 տոկոսը` հագուստի եւ կոշիկի, 5 ու 4 տոկոսը համապատասխանաբար կենցաղային տեխնիկայի ու կոմունալ վճարումների վրա, միայն 3 տոկոսն է սկսել տնտեսել սննդի վրա: Մարդիկ տնտեսում են նաեւ դեղորայքի, պերճանքի առարկաների վրա:

Հարցվածներին խնդրել են գնահատել տեղեկությունները տնտեսական ճգնաժամի մասին, որոնք նրանք ստանում են կառավարությունից: 60 տոկոսը գտնում է, որ կառավարությունը խեղաթյուրում է տեղեկությունները ճգնաժամի մասին, խուճապից խուսափելու համար, 19 տոկոսին կառավարության տեղեկատվությունն օբյեկտիվ է թվում, բավարար: 10 տոկոսը գտնում է, որ կառավարությունը հաճախ չափազանցնում է ճգնաժամային երեւույթների հետեւանքները, ուշադրությունը այլ խնդիրներից շեղելու համար, եւ միայն 7 տոկոսն է գտնում, որ կառավարությունը խեղաթյուրված տեղեկություններ է տալիս ճգնաժամի մասին, քանի որ արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի եւ կարող է բարեհաջող կերպով դուրս գալ ճգնաժամից: 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Վերջում հարցվածներին խնդրել են առավել ճշգրիտ բնութագրել իրենց վերաբերմունքը գործող իշխանությունների հանդեպ: 34 տոկոսն անվստահություն է հայտնել, 4 տոկոսը` ատելություն, 27 տոկոսն` անտարբերություն, 24-ը` հարգանք, իսկ 7 տոկոսն` աջակցություն:

Մարքեթինգի հայկական ասցիացիան հուսով է, որ կառավարության իրականացվող միջոցները թույլ կտան խուսափել սոցիալական ցնցումներից եւ տնտեսության վերածումից արհեստականորեն պահպանվող մարմնի, որին գոյատեւման համար անընդհատ ներարկումներ են հարկավոր տարբեր միջազգային կազմակերպությունների վարկերի տեսքով: Մենք կցանկանայինք հավատալ, որ Հայաստանի կառավարության ներարկումները հասցեագրված կլինեն, արդյունավետ եւ օգուտ կտան երկրի տնտեսությանը, ինչն իր հերթին կնպաստի պետականության ամրապնդմանը: