27 հուլիսի 2026 - 12:20 AMT
Միգրանտների երեխաները 18 տարեկանում պարտավոր կլինեն հեռանալ ՌԴ-ից․ Պուտինը ստորագրել է օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, ըստ որի աշխատանքային միգրանտների 18 տարին լրացած երեխաները պարտավոր կլինեն սահմանված ժամկետում հեռանալ երկրից։ Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 26-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։

Օտարերկրյա քաղաքացու անչափահաս երեխաները պահպանում են Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու իրավունքը ծնողի աշխատանքային արտոնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում։ Սակայն չափահաս դառնալուց հետո նրանք պարտավորվում են 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, գրում է Izvestia-ն:

Այս պահանջից բացառություն նախատեսվել է միայն երկու դեպքում։ Դրանք օտարերկրացու՝ սեփական աշխատանքային արտոնագիր ունենալը կամ երկրում բնակվելու այլ օրինական հիմքերի առկայությունն են։ Միաժամանակ նման քաղաքացիների համար արտոնագիր ստանալու ընթացակարգը պարզեցվել է․ նրանցից կրթության մասին փաստաթուղթ ներկայացնել չի պահանջվի։

Նույն օրը Պուտինը ստորագրել է նաև օրենք, որով էապես խստացվել են օտարերկրյա աշխատողների ֆինանսական ապահովվածությանը ներկայացվող պահանջները։ Նրանք պարտավորվել են հաստատել այնպիսի եկամուտ, որը ցածր չէ տվյալ տարածաշրջանում սահմանված կենսապահովման նվազագույնից՝ հաշվի առնելով նաև իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի բոլոր անդամներին։

Հաստատված նորամուծությունների համաձայն՝ եթե աշխատանքային միգրանտը միաժամանակ գործունեություն է իրականացնում երկրի մի քանի սուբյեկտներում, ապա նվազագույն թույլատրելի եկամտի հաշվարկի համար հիմք է ընդունվելու տարածաշրջանային ցուցանիշներից ամենաբարձրը։