28 հուլիսի 2026 - 13:21 AMT
Կոնջորյանի եղբոր վրա հարձակման գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Ազատությունը»:

Այդ անձանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանը։ Այդ տեղեկությունն ու ծեծի տեսանյութը տարածել էր լրագրող Գայանե Զարգարյանը։ Նա նշում էր, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում, իր տան տարածքում ծեծվել է Ավետ Կոնջորյանը։

Ծեծի գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինը պատմել է. «Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր, իմ աղջիկ երեխեն սարսափած իր սենյակից գալիս էր իմ մոտ՝ «մամա, էս ինչ ա»։

Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնու նախկին ընկերոջ՝ Ավետ Կոնջորյանի կատարմամբ։

Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից։ Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ Հայկ Կոնջորյանը, որ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու է, գերադասում է ոչինչ չասել։

Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրն առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության էպիկենտրոնում։ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ 2025-ին նա զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարով ու երեք ամիս անց նորից հայտնվել մեքենայի ղեկին։