
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները հուլիսի 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։
Այցերի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, գնահատել նրանց իրավունքների ապահովման մակարդակը և դրա համապատասխանությունը սահմանված չափանիշներին։
Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և ձերբակալված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։
Մշտադիտարկման շրջանակում չհայտարարված այցեր են իրականացվել նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, դրանց կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև նրանց իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։
Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։