29 հուլիսի 2026 - 13:37 AMT
Թրամփն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել, բազում հարցեր են քննարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ լավ է անցել։ Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ անցավ», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Patriot համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների արտադրության լիցենզիաները, ինչպես նաև «որոշ այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել», հայտնում է Eurointegration․ua-ն:

Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով՝ առանց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության։ Նախագահները հրապարակային հայտարարություններով հանդես չեն եկել։ Զելենսկին Սպիտակ տանը անցկացրել է ավելի քան մեկ ժամ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահները քննարկել են նաև պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը և Թրամփի հատուկ ներկայացուցիչների հնարավոր այցը Կիև։