30 հուլիսի 2026 - 18:20 AMT
Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով պահանջվում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, գրում է «Փաստինֆոն»:

Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի գտնվում է դատական քննության փուլում։

Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակած վճռով Առուշ Առուշանյանին արդարացրել էր ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով ճանաչել մեղավոր և դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Հաշվարկելով նրա՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Առուշ Առուշանյանի նկատմամբ սահմանվել էր նաև 1․5 տարվա փորձաշրջան, նշանակվել տուգանք և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժ։ Վճիռը բողոքարկվելուց հետո մտել էր օրինական ուժի մեջ։

Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցը չի բխում իր լիազորություններից։ Դրանից հետո ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ պատժից խուսափելու վերաբերյալ, և դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելու վերաբերյալ։

Միաժամանակ Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը։ Այդ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես քննվել էր գրավոր ընթացակարգով և մերժվել։

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր այն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։

Այս որոշումը բողոքարկել էին ինչպես դատախազությունը, այնպես էլ Առուշ Առուշանյանի պաշտպանը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր բողոքները՝ վերջնական պատիժ սահմանելով 1 տարի 11 ամիս ազատազրկում, իսկ առաջին ատյանի դատարանի որոշման մնացած մասը թողնելով անփոփոխ։

Այդ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների արդյունքում 2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ դրանք վարույթ էին ընդունվել։ Մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ խախտվել է ընդդատությունը, և արձանագրել էր, որ հարցը պետք է քննվեր Հակակոռուպցիոն դատարանում։ Արդյունքում գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Նոր քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, իսկ այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նաև դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։