30 հուլիսի 2026 - 18:24 AMT
Կաթողիկոս․ Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է անսակարկ նվիրումը համազգային շահերին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին՝ ընդգծելով ազգային միասնության և համազգային շահերին անսակարկ ծառայության անհրաժեշտությունը։

Իր խոսքում, անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, Նորին սրբությունն ընդգծել է, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։

Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն է հայտնել հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր է համարել հայրենաճանաչության նման ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։

Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայրենիքում գտնվելով՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով և բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ուրախությամբ անդրադարձել է երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածասիրությանը և եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային և հոգևոր դաստիարակության, ինչպես նաև հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին։

Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում է մոտ 900 սկաուտ՝ աշխարհի 26 երկրից։