Առաջին անգամ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի է ունենալու ճապոնական ֆիլմերի ցուցադրություն

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու Երեւանում հուլիսի 12-19-ը, կայանալու են «Մեկ օր Եվրոպայում» եւ «Արաբական գիշերներ» ավանդական ծրագրերը: Առաջին անգամ կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի ցուցադրություն` Կոխեի Օգուրիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:



«Մեկ օր Եվրոպայում» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու լեհական, ֆրանսիական, գերմանական եւ հոլանդական ֆիլմերի ցուցադրություն: Լեհական ֆիլմերից հայ հանդիսատեսին ներկայացվելու են Պետեր Լենարտովիչի, Միխայիլ Ռոսի եւ լեհական կինոյի վարպետներից մեկի` Անջի Վայդայի ֆիլմերը: Գերմանական ֆիլմերի ցիկլից ներկայացվելու են Անդրեաս Դրեզենի, Քրիստիան Պեցոլդի եւ եւս 13 ռեժիսորների ֆիլմեր, որոնք ստեղծել են «Գերմանիա 09» ֆիլմը` կազմված տարբեր ժանրերի 13 կարճամետրաժ ժապավեններից: Գերմանական ֆիլմերի ցուցադրման շրջանակներում տեղի է ունենալու Ֆայթ Հելմերի «Աբսուրդստան» ֆիլմ երեւանյան պրեմիերան, որը հայ-գերմանական-ադրբեջանական համատեղ աշխատանք է:



Կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելու են ռեժիսորներ Լորեն Թուելի, Անդրե Տեշինեի, Սիլվի Վերեյդայի, Ֆրեդերիկ Բալեջյանի, Էնդի Վիգենի եւ Տիգրան Ավետիքյանի ֆիլմերը:



«Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այս տարի փառատոնը բացվելու է «Առաջին շրջան» ֆիլմի երեւանյան պրեմիերայով, որտեղ խաղում է Ժան Ռենոն: Ֆիլմի պրոդյուսերն է Ալան Թերզյանը»,- հունիսի 30-ին տեղի ունեցած մամլո աուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ժան-Պոլ Մարտենը:





Փառատոնում ներկայացվելու է նաեւ հեղինակային կինո` ստեղծված ամերիկյան ռեժիսորների կողմից, որոնց շարքում լինելու է Ռոբ Նիլսոնը, որը Երեւանում վարպետության դասեր է տալու:



«Երեք տարի շարունակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ»: Այս տարի ներկայացվելու են 6 ամերիկյան ռեժիսորների աշխատանքներ, որոնք թրենինգներ են անցկացնելու հայ կինոարդյունաբերությանն աջակցելու համար, որը մոտ 80 տարեկան է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավարի ներկայացուցիչ Թոմաս Միտնախտը:



Բացի եվրոպական կինոյից, փառատոնի ժամանակ երկրորդ անգամ տեղի են ունենալու «Արաբական գիշերներ», որոնց շրջանակներում այս տարի հիմնական շեշտը դրվելու է լիբանանյան ռեժիսորների ֆիլմերի վրա, այդ մասին հայտարարել է ծրագրի պատասխանատու Վրեժ Կասունին:



«Ոսկե ծիրան» փառատոնի հետ համագործակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հոլանդիայի, Լեհաստանի դեսպանատները, Ճապոնիայի Կինոֆոնդերը, ինչպես նաեւ Յունիֆրանս միջազգային կազմակերպությունները, Գյոթեի ինստիտուտը, Բաց հասարակության ինստիտուտը եւ «Եվրազիա» գործընկերության հիմնադրամը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---