1 հուլիսի 2009 - 13:42 AMT
Կոսովոյից, Աբխազիայից ու Հարավային Օսեթիայից հետո ավանդական Հելսինկին չաշխատեց
Կովկասը շատ բարդ տարածաշրջան է եւ կովկասյան երկրներից յուրաքանչյուրում Ռուսաստանն իր շահերն ունի եւ, համապատասխանաբար, ազդեցության իր լծակները: Այդ մասին հայտարարել է Արդի զարգացման ինստիտուտի վարչության նախագահ, Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միության փոխնախագահ Իգոր Յուրգենսը: Նրա խոսքերով, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հմուտ կօգտագործի դրանք ՌԴ-ն:

«Ինձ համար անընդունելի էր Հայաստանի բարձրագույն շքանշանի հանձնումը Վրաստանի նախագահին: Որպես պատճառ ես դիտարկում եմ էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների որոշակի հաջողությունը: Մյուս տարածքներից փակ Հայաստանը, մեր առանձնահատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք կարող են ամրապնդվել, մեր առանձնահատուկ պատմական հարաբերություններն ու էներգետիկ համակարգերի նույնությունն Ադրբեջանի հետ, Վրաստանի ժողովրդի դժգոհությունը այժմյան ղեկավարությամբ` սրանք բոլորը գործոններ են, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում, կարող են ամրապնդել ՌԴ դիրքերը տարածաշրջանում: Իսկ եթե մենք սխալներ գործենք, ապա խնդիրները պայթյունավտանգ կովկասյան տարածաշրջանում միայն կուժեղանան»,-ասել է Յուրգենսը` հավելելով, որ ՌԴ իշխանությունները աչք չեն փակում ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Մերձդնեստրի, ոչ էլ մի շարք այլ նման իրավիճակների վրա:

Ըստ փորձագետի, Կովկասում ստեղծված իրավիճակը պետք է դիտարկվի առավել լայն համատեքստով: «Սա մի կողմից: Մյուս կողմից, պետք է գտնել «Հելսինկի պլյուս» մի բանաձեւ: Քանի որ ավանդական «Հելսինկին» չաշխատեց Կոսովոյից, Աբխազիայից ու Հարավային Օսեթիայից հետո: Հուսադրում է այն, որ ոչ մի հանգամանքներում, եթե միայն լուրջ սխալ կամ արտաքին քաղաքական սադրանք չլինի, ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի անդամներ չեն դառնա: Իսկ դա փարատում է ՌԴ արտաքին քաղաքականության ամենալուրջ մտահոգություններից մեկը»,-ասել է Յուրգենսը, գրում է «Ռոսիյսկիե վեստի» շաբաթաթերթը: