1 հուլիսի 2009 - 17:07 AMT
Ֆուտբոլն ավելի շատ է նպաստում առողջությանը, քան այլ մարզաձեւերը
Հունիսի 2-3-ը Բանամյան կղզիների Նասաու քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի 59-րդ համագումարը: Հայաստանից այդ համագումարին մասկացում էին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը: Վերջինս պատմել է համագումարի ընթացքում ընդունված մի քանի դրույթների մասին:

«59-րդ համագումարը տարբերվում էր նախկիններից առաջին հերթին նրանով, որ հոբելյանական էր, քանի որ այս տարի ՖԻՖԱ-ն դարձել է 105 տարեկան: Համագումարի ընթացքում քննարկվել են ռազմավարական հարցեր, որոնք ուղղված են ֆուտբոլի զարգացմանը: Մասնավորապես Բլատերը հատուկ ընդգծել է ֆուտբոլի եւ ֆուտբոլիստի պաշտպանվածության կարեւորությւոնը, ՖԻՖԱ կառավարման համակարգի զարգացումն ու կատարելագործումը»,- ասել է Ղազարյանը:

Ֆուտբոլի պաշտպանվածության տակ հասկանում են կաշառակերության դեմ պայքար, որն առաջին հերթին վերաբերում է մրցավարությանը, ինչպես նաեւ բռնությանը եւ խթանիչներին:

«Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա հնարավոր է մոտ ապագայում 5 մրցավարներ ընդգրկելու գաղափարի իրականացումը: Երեք մրցավարներին միանում են եւս երկուսը, որոնք հսկելու են դարպասների մոտ: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների պաշտպանվածությանը, ապա ինչպես հայտնի է, միջազգային տրանսֆերների իրավունք ունեն 18 տ եւ ավել ֆուտբոլիստները, բայց կան մի շարք բացառություններ, որոնցից մեկը թույլ է տալիս տեղափոխում իրականացնել 18 տարին չլրացած այն ֆուտբոլիստների համար, որոնց ծնողները տեղափոխվել են ուրիշ երկիր մշտական բնակություն հաստատելու: Մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է գրանցվի իր երկրի ֆեդերացիայում: Հակառակ դեպքում տեղափոխում չի իրականանում»,- ասել է Ղազարյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել խթանիչների հարցին: Ներկայացվել է այն դեղամիջոցների ցուցակը, որոնք կարելի է օգտագործել: 1994-2000 թթ. անցկացրած թեստավորումները ցույց են տվել, որ խթանիչների օգտագործումն այդքան տարածված չէ ֆուտբոլի մեջ:

Եզրափակելով խոսքը` Ղազարյանն ասել է,- «Գլխավոր թեզն այն է, որ ֆուտբոլն ավելի շատ է նպաստում առողջությանը, քան ցանկացած այլ մարզաձեւ: Բազմաթիվ հետազոտություններից հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարդ, շաբաթը երկու անգամ խաղալով ֆուտբոլ, նվազեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման հնարավորությունը: Առաջադրվում է նոր կարգախոս` «Ֆուտբոլ հանուն առողջության»: