1 հուլիսի 2009 - 20:50 AMT
Հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների ընտանիքները միշտ իշխանությունների ուշադրության կենտրոնում են լինելու
Հայաստանի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնատների կառուցման ծրագրի շրջանակներում կառուցվել է եւս մեկ առանձնատուն զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար: Շնորհավորելով բնակարանամուտը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին:

ՊՆ-ի եւ ՀՄԵԿ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնովին վերանորոգվել է նաեւ Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007թ.-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ: Շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի եւ կատարված աշխատանքի համար՝ Ռ.Միրզոյանն ասաց, որ, չնայած կորստի անդառնալիությանը, ինքը սփոփվում է այն փաստով, որ որդին զոհվել է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս: Սեյրան Օհանյանն էլ հավաստեց, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում: