2 հուլիսի 2009 - 12:42 AMT
Միր Հոսեյն Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարությունը պահանջել է քրեական պատասխանատվության կանչել բարեփոխիչների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին:

Ժողովրդական կամավորների, բասիջների հետ միասին պահապանները նախկին վարչապետին ինը մեղադրանք են ներկայացրել «ազգային անվտանգության դեմ ոտնձգությունների համար»:

Ինչպես հաղորդում է Քաթարի Al-Jazeera արբանյակային հեռուստաալիքը, ուժային կառույցների դիմումը հանձնվել է գլխավոր դատախազություն:

Դատավարության դեպքում 67-ամյա Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Մեկ շաբաթ լռելուց հետո չորեքշաբթի` հուլիսի 1-ին նախկին վարչապետի անունից հայտարարություն է տարածվել, որտեղ նա հրաժարվել է ճանաչել Ահմադինեժադի ձեւավորած Իրանի նոր կառավարությունը եւ ապօրինի է անվանել այն:

«Կանաչ ալիքի» գլխավոր նախաձեռնողը պահանջել է ազատ արձակել ձերբակալված «հեղափոխության որդիներին»: Նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարել ազնիվ ընտրելու քաղաքացիների իրավունքների համար ու պահանջել նախագահական ընտրությունների կրկնական անցկացում: Սակայն Թեհրանում ցույցերը շարունակելու կոչեր չկան: