2 հուլիսի 2009 - 20:48 AMT
Խ.Աբովյանի տուն-թանգարանում կբացվի ԵՊՄՀ թանգարանագիտության ֆակուլտետի մասնաճյուղը
Գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի շենքը Երեւանի Քանաքեռ համայնքում երկար տարիներ ցավալի վիճակում գտնվելուց հետո վերջապես վերանորոգվել է 185 մլն դրամով: Այդ գումարը Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հատկացվել էր Հայաստանի պետբյուջեից: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

Նրա խոսքով, 20 մլն դրամով, որից 10 մլն հատկացվել է պետբյուջեից, իսկ մնացած 10 մլն` VivaCell-MTS ընկերության կողմից, վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 600 քառ. մետր: Թանգարանի բակում, որի ընդհանուր տարածքը կազմում է 1 հա, տնկվել է 2500 ծառ: Վերջին շաբաթվա ընթացքում սկսվեցին թոնրատան վերանորոգման աշխատանքները: Ծրագրվում է 200 հոգու համար նախատեսված դահլիճի կահավորումը:

«Նորոգումից հետո Խ.Աբովյանի տուն-թանգարանում կբացվի Երեւանի պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության ֆակուլտետի մասնաճյուղը»,- ասել է Հովհաննես Զատիկյանը: