2 հուլիսի 2009 - 20:52 AMT
ԶԱԲ առաքելությունը Հայաստանում կքննարկի Իրան-Հայաստան ե/գ ՏՏԱ իրականացման համար գրանտի հատկացման հարցը
Զարգացման ասիական բանկի առաքելությունը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, որպեսզի ավարտի Իրան-Հայաստան ե/գ տեխնիկատնտեսական ապահովության իրականացման համար գրանտի հատկացման շուրջ բանակցությունները, այսօր հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «ԶԱԲ հետ բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան ե/գ ՏՏԱ իրականացման համար գրանտի հատկացման վերաբերյալ, եւ բանկի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի այդ բանակցություններն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:

Սարգսյանը հիշեցրել է, որ հաշվի առնելով այդ գծի կառուցման կարեւորությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով շահագրգռված կողմերի շահերը, Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարների մակարդակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է նախագծի կառուցման հետ կապված բոլոր, այդ թվում` ֆինանսական խնդիրներով: «Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի իրականացման արդյունքում հնարավոր կդառնա արդյունավետ կերպով շարունակել ՀՀ երկաթուղային ցանցի զարգացման կոնցեպցիան»,- ամփոփել է Տրանսպորտի նախարարը:

Երեւանում կայացել է Հայաստանի Հանրապետությունում «Հյուսիս-Հարավ» երկաթուղու եւ ավտոմայրուղիների նախագծերի իրականացման կոնցեպցիայի շնորհանդեսը: Կոնցեպցիայի շնորհանդեսը նախաձեռնվել էր Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Կոնցեպցիան իրականացվել է iLF խոշորագույն գերմանա-ավստրիական աուդիտորական ընկերության կողմից եւ «Կոնցեռն ՄՕՆ-ԱՌԽ» ԲԲԸ ֆինանսական աջակցությամբ: