2 հուլիսի 2009 - 22:07 AMT
Տնտեսությունը վերականգնելու համար Հայաստանը կարող է օգտվել Եվրազեսի միջոցներից
Հայաստանի տնտեսության վերականգնման համար կա եւս մեկ լրացուցիչ հանարավորություն` Եվրազեսի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները, այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հայաստանը ֆինանսական միջոցներ ստանալու եւ տնտեսության զարգացմանն օգնելու եւս մեկ հնարավորություն ունի: Խոսքը վերաբերում է Եվրազեսի շրջանակում ձեւավորված հակաճգնաժամային հիմնադրամին, որտեղ կուտակվել է շուրջ 10 մլրդ դոլար գումար եւ մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա ափսոսանքով նշել է, որ դեռեւս չկա մշակված այնպիսի ծրագրեր, որոնք կարողանան ներկայացնել այդ հիմնադրամ:

Եվրազեսի հակաճգնաժամային հիմնադրամին 10 մլրդ ԱՄՆ դոլոր հատկացնելու մասին պայմանագիրը Հայաստանի մասնակցությամբ ստորագրվել է հունիսի 9-ին Մոսկվայում Եվրազեսի միջպետական խորհրդի նիստի շրջանակներում կառավարությունների ղեկավարների մակարդակում: Հիմնադրամի կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար, որոնցից 7.5 միլիարդը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Սարգսյանն ավելացրել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի դրամական միջոցներ որոնելու համար, բայց չկան կոնկրետ մշակված ծրագրեր, որոնք թույլ կտային մշակել բիզնես-պլան եւ իրագործել այն կարճ ժամկետներում: «Անհրաժեշտ է օգտագործել այդ բացառիկ հնարավորությունը, եւ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա:

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Կապանում բաշխված միջոցները դրական են ազդելու Հայաստանի տնտեսության վրա: «Իհարկե, դրա դրական ազդեցությունը կզգանք 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում եւ ավելի շատ 2010թ., քանի որ այդ ծրագրերը կամաց-կամաց են թափ ստանալու»,- ասել է ՀՀ վարչապետը: