Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարները համաձայնագիր են կնքել օդային հաղորդակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսի հետ: Ավելի ուշ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը հաղորդել է, որ բանակցություններում անդրադարձ է եղել Կորֆու կղզում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի, տարածաշրջանային եւ միջազգային հարցերին, հայ-հունական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական երկխոսությանը:



«Ես շնորհակալություն հայտնեցի ԵԱՀԿ գործող նախագահին Կորֆու կղզում գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեության եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ջանքերի համար: Մենք քննարկեցինք նաեւ Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծումը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:



Իր հերթին Դորա Բակոյանիսը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան, քանի որ յուրաքանչյուր հույն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը: «Հայ եւ հույն ժողովուրդները ընդհանուր շատ բան ունեն, եւ այդ ընդհանրությունը կարող է լավ խթան հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար: Դրա վկայությունն է օդային հաղորդակցության վերաբերյալ կնքված համաձայնագիրը»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հիանալի հարաբերություններ են ձեւավորվել եւ Աթենքը կշարունակի Հայաստանի եւ ԵՄ-ի մերձեցմանն ուղղված ջանքերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---