Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի համար Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ «սահմաններ չկան»

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում այցով գտնվող ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո շփվել են նաեւ լրագրողների հետ:



Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, դիմելով լրագրողներին, ընդգծել է, որ իրենք Ստեփանակերտ են ժամանել ոչ թե պետական կամ քաղաքական խնդիրներ լուծելու համար, այլ ժողովրդների միջեւ վստահության ստեղծման համար: «Վերջին 18-20 տարում մեր երկրներում մի ամբողջ սերունդ է մեծացել, որը ոչինչ չգիտի միմյանց մասին: Ուստի մենք, երկու նախկին մշակույթի նախարարներս, անցյալ տարի հանդես եկանք այս նախաձեռնությամբ, որն էլ հաջողությամբ պսակվեց»,-հայտարարել է Բյուլ-Բյուլ օղլին:



Նա նշել է, որ այս անգամ պատվիրակությունը ԼՂՀ է ժամանել ընդլայնված կազմով, ունենալով մի քանի նոր ծրագրեր, որոնք դեռեւս քննարկման ընթացքում են, սակայն կարող են իրականացվել ապագայում:



Բյուլ-Բյուլ օղլին նշել է, որ Արմեն Սմբատյանի հետ զրույցներում նրանք բազմիցս են նշել, որ «մեր ժողովրդների ներկայացուցիչները Ռուսաստանում կարողանում են գոյակցել, ընկերանալ, իսկ այս փոքր հողակտորում` ոչ»: Նա նաեւ մեղադրել է մամուլը թշնամու կերպարի ստեղծման համար, ինչը բացասաբար է անդրադառնում կարգավորման գործընթացի վրա եւ կրկին ընդգծել է, որ գտնվելով ԼՂՀ-ում նրանք չեն փորձում քաղաքական խնդիր լուծել:



Անդրադառնալով այն փաստին, որ նա ԼՂՀ է ժամանել Ադրբեջանից` Մարդակերտով, Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել է, որ իր համար Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ սահման կամ շփման գիծ չկա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---