Երեւանում ամփոփել են ԵՄ Խորհրդատվական խմբի եռամսյա աշխատանքի արդյունքները

PanARMENIAN.Net - Երեւանում ամփոփել են Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի խորհրդատվական խմբի 3 ամիսների աշխատանքի արդյունքները, ինչպես նաեւ հաստատվել է հուլիս-դեկտեմբերի աշխատանքային ծրագիրը: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ոլորտներում իրականացվող բարեփոխումներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Խորհրդատվական խմբի նիստը անցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: «Խորհրդատվական խումբն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ՀՀ-ում, նա համապատասխան աշխատանք է կատարել եւ այսօր լավ առիթ կա արդյունքներն ամփոփելու համար»,-ասել է Բաղդասարյանը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ մասնագետները ակտիվորեն կմասնակցեն այս աշխատանքին:



Իր կողմից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը նշել է, որ սրանք ընդամենն առաջին քայլերն են եւ արդեն որոշակի արդյունքներ կան, իսկ Խորհրդատվական խումբը կշարունակի իր գործունեությունը: «Մենք դրական արդյունքի ենք հասել այն ոլորտներում, որտեղ այս երեք ամսում աշխատանք է տարվել»,-ասել է նա: Լյուցենբերգերը հաղորդել է, որ զգալի աշխատանք է կատարվել բոլոր նախարարություններում, ներառյալ վարչական կառավարումը, հարկային օրենսդրությունը, կոռուպցիայի կանխումը:



Խորհրդատվական խմբի աշխատանքը դրական է գնահատվել ինչպես հայերի, այնպես էլ ԵՄ մասնագետների կողմից: Ներկայացվել է նաեւ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) աշխատանքը:



Խորհրդատվական խմբի հաջորդ նիստը Հայաստանում կկայանա 2009թ. սեպտեմբերի 24-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---