3 հուլիսի 2009 - 18:23 AMT
Արմեն Գյուլբուդաղյանց. Մենք չափազանց լարված էինք եւ խաղը չէր ստացվում
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Բանանց» - «Շիրոկի Բրիեգ» հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին այլեւս ոչինչ չուներ անելու, քան պարզապես ճանաչել իր մրցակցի առավելությունը: Երեւանցիների հոգաբարձուն միայն նշեց, որ պատասխան հանդիպումը կարեւոր է միջազգային փորձի ձեռքբերման տեսակետից:

«Խաղի սկզբում մենք չափազանց լարված էինք եւ խաղը չէր ստացվում: Առաջին խաղակեսի կեսերին լարվածությունը նվազեց, բայց մեզ չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասների մոտ: Մենք միայն մեկ գոլային պահ ունեցանք: Երկրորդ խաղակեսում մենք ցանկացանք շտկել դրությունը, բայց չհաջողվեց: Իսկ մրցակիցը շատ կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ էր խաղում: Պատասխան հանդիպմանը մենք կփորձենք ավելի գրագետ խաղ ցույց տալ: Դա նաեւ պատվի հարց է, իսկ մեր ֆուտբոլիստները միջազգային հանդիպումների փորձ ձեռք կբերեն»,- նշել է Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին ռաունդի առաջին հանդիպմանը «Բանանցը» հյուրընկալեց բոսնիական «Շիրոկի Բրիեգ» ակումբին եւ 0:2 հաշվով պարտություն կրեց: