Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանին պետք չէ նոր պատերազմ Կովկասում

PanARMENIAN.Net - «Կովկաս-2009» ռուսական զորավարժությունների պատճառով վերջին շաբաթում սկսված հիստերիան ունի շատ որոշակի աղբյուրներ եւ որոշակի պատվիրատուներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: Նրա կարծիքով, գոյություն ունեն ազդեցիկ ուժեր ի դեմս ամերիկյան ոչ պահպանողականների` Ռամսֆելդի, Մակքեյնի եւ ուրիշների, որոնք շահագրգռված չեն ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացման, նույնիսկ մինիմալ լացացման մեջ: «Ցանկացած պայմանավորվածություն սպառազինության կրճատման, վստահության չափերի, համատեղ եւ ոչ համատեղ գործողությունների մասին նրանց համար կարծես դանակով հաված լինի սրտին: Իսկ գործը հանգում է հենց այդպիսի պայմանավորվածությունների, եւ դա չի կարող չանհանգստացնել նրանց: Օբաման հասկացնել տվեց, որ առաջին հերթին շահագրգռված է Ռուսաստանի հետ համատեղ գործողություններում իրանական եւ հյուսիսկորեական խնդիրները լուծելու համար, երկրորդ հերթին` պատրաստ է սպառազինությունների արմատական կրճատման, երրորդ` պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի դեմ ուղղված ՀՀՊ համակարգից Չեխիայում եւ Լեհաստանում: Եվ, վերջապես, վրացական թեման առաջնային չի համարում»,- նշել է ռուս փորձագետը:Այժմ, ամերիկյան ոչ պահպանողականները փորձում են արդիականացնել այդ թեման` նորից օգտագործելով Վրաստանն իրենց նպատակներում: «Միջազգային հանրության մեջ, առանց որեւէ փաստարկի, ներմուծվում է ագրեսիվ Ռուսաստանի մասին գաղափարը, որը նոր հարձակման է պատրաստվում Վրաստանի վրա (մինչդեռ մոռանում են, որ 2008-ի պատերազմը սկսել է հենց Վրաստանը), Պուտին-Մեդվեդեւ ռեժիմի կասյերական պլանների մասին, որը պետք է կանգնեցնել: Դրա համար ԶԼՄ-ներում զանգվածային քարոզարշավ է ծավալվում, ընդ որում այդ քարոզարշավի ակտիվիստները մարդիկ են, որոնք գործում են գրանտերի եւ հիմնադրամերի հաշվին, որոնք պատկանում են ԱՄՆ ոչ պահպանողական հատվածին: Հայտնի է, թե ում գրանտերի հաշվին են գործում եւ ում պատվերն են կատարում պարոնայք Իլարիոնովը, Կասպարովը, Ֆինգելբաուերը, որոնք խոսում են երկրորդ վրացական պատերազմի մասին»,- ասել է Սկակովը:





Սկակովի կարծիքով, Կրեմլին մեղադրողների միակ փաստարկը ՌԴ եւ նոր ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանրապետությունների տարածքում «Կովկաս-2009» զորավարժություններն են: Միաժամանակ մոռացվում է, որ մայիս-հունիսին Վրաստանի տարածքում տեղի են ունեցել զորավարժություններ ՆԱՏՕ հովանու ներքո: Մոսկվան այդ ժամանակ բազմիցս նախազգուշացրել է այդ զորավարժությունների հրահրող բնույթի մասին, նրանց մեղմ ասած անտեղիության մասին: «Ցավոք սրտի, մեր մտահոգությունն այդ ժամանակ անտեսվեց մեր գործընկերների կողմից, զորավարժությունները տեղի ունեցան: Այդ դեպքում ինչու Ռուսաստանը չպետք է իրականացնի իր տարածքում պլանային մարզումները: Կոմպրոմիսները եւ զիջումները երկկողմանի են: Կարծում եմ, որ եթե մայիսին ՆԱՏՕ-ն մեզ ընդառաջ գար եւ չեղյալ համարեր զորավարժությունները, այժմ ավելի հեշտ կլիներ պայմանավորվելը, այդ թվում դրա հետ ուղղակի կապված իրերի մասին: Նկատի ունեմ ՄԱԿ առաքելության պահպանումն Աբխազիայում եւ ԵԱՀԿ առաքելության պահպանումը Հարավային Օսեթիայում: Պետք չէ զիջումներ սպասել միայն Ռուսաստանից, նրանք եւս պետք է գնան զիջումների: «Կովկաս-2009» զինավարժությունները զուտ պաշտպանողական են , հակաահաբեկչական եւ չեն ենթադրում զորքերի ներմուծում հարեւան երկիր»,- կարծում է նա:





Ալեքսանդր Սկակովը համոզված է, որ Ռուսաստանին պետք չէ նոր պատերազմ: «Ռուսաստանն իրագործել է իր բոլոր նպատակները 2008-ի օգոստոսի դեպքերի ժամանակի: Պատասխանելով Սահակաշվիլու հիմար ագրեսիային` Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, այդ հանրապետությունների տարածքում ստեղծեց ռազմական բազաներ, որոնք մի քայլ հեռավորության վրա են գտնվում Վրաստանից եկող հիմնական տրասնպորտային եւ էներգետիկ հաղորդկացություններից: Ռուսաստանը ցույց տվեց ԱՄՆ քաղաքականության թուլությունը հետխորհրդային տարածքում` ընդունակ չլինելով պաշտպանել իր կամակատարներին եւ թողնելով նրանց բախտի քմահաճույքին: Եվ ամենագլխավորը, Ռուսաստանը կասեցրեց ՆԱՏՕ ընդլայնումը եւ Վրաստանի եւ Ուկրաինային մուտք գործելը դաշինք: Եթե Մոսկվան ցանկանար շրջափակել Թբիլիսին եւ հաստատել այնտեղ մարիոնետային ռեժիմ, նա դա կաներ օգոստոսյան դեպքերի ժամանակ: Իրականում Սահակաշվիլիի` իշխանության ղեկին գտնվելը շահավետ է Կրեմլի համար: Ավելի հարմար է ոչ բարեկամական երկրի իշխանության ղեկին ունենալ անհավասարակշիռ եւ վարկաբեկված քաղաքական գործչի, որին այլեւս չեն ընդունում ոչ մի իրեն հարգող եվրոպական մայրաքաղաքում, քան խելացի եւ հանգիստ առաջնորդի, որն իր երկրի եւ միջազգային հանրության հարգանքն է վայելում: Վերջին դեպքում Ռուսաստանին ավելի դժվար կլիներ հիմնավորել իր գործողությունները եւ պնդել իր շահերի վրա»,- ասել է նա:



Եվ, վերջապես, ռուս փորձագետը կարծում է, որ նոր պատերազմի չի գնա նաեւ Սահակաշվիլին: «2008-ի օգոստոսին նա դեռ կարող էր մտածել, որ Ռուսաստանը չի խառնվի կամ կխառնվի չափազանց ուշ: Այժմ ակնհայտ է, որ ներխուժելով Աբխազիա եւ Հարավայի Օսեթիա, նա իսկույն գործ է ունենալու ռուսական ողջ ռազմական մեքենայի հետ: Պետք չէ պատկերացնել, թե որքան ժամանակ անց ռուսական տանկերը կհայտնվեն Թբիլիսիում, բայց ակնհայտ է, որ Վրաստանն իր այժմյան սահմաններով (ներառյալ Ջավախքը, Աջարիան եւ այլն) կդատապարտվի որպես ամբողջական պետություն: Սահակաշվիլին առաջին հերթին հիմար չէ, երկրորդ հերթին` ինքնասպան չէ: Այսպիսով, այս ամառ Կովկասում պատերազմ չի լինի: Այն պետք է միայն պարոնայք Ռամսֆելդին եւ Իլլարիոնովին: Մենք պետք է հույս ունենանք, որ Բարաք Օբամայի` Մոսկվա կատարած այցի ժամանակ կհաջողվի առաջընթացի հասնել մի շարք հարցերի շուրջ, որոնք իսկապես կարեւոր են միջազգային անվտանգության համար, այլ ոչ թե անհիմն են ու անտեղի»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---