7 հուլիսի 2009 - 13:10 AMT
Տնտեսական անկումը Հայաստանում կարող է գերազանցել 16 տոկոսը
Հայաստանի տնտեսական անկումը կարող է գերազանցել 16 տոկոսը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում:

Նրա խոսքերով, այս տարի հինգ ամիսների արդյունքում հանրապետությունում գրանցվել է տնտեսության շուրջ 16-տոկոսանոց անկում, հիմնականում շինարարության ոլորտի ծավալների կրճատման պատճառով, ինչը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի տնտեսության մնացած բոլոր ոլորտների վրա, ինչն էլ անդրադարձել է տնտեսական բոլոր ցուցանիշների վրա: «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այդ ցուցանիշները կնվազեն, հաշվի առնելով շինարարության այժմյան տեմպերը, իսկ ցուցանիշների բարելավում մենք ակնկալում ենք միայն տարվա վերջում»,-ասել է վարչապետը:

Տնտեսական անկումը Հայաստանում, ըստ օպերատիվ վիճակագրկան տվյալների, 2009թ. հունվար-մայիսին կազմել է 15,7 տոկոս, իսկ անկումը շինարարության ոլորտում նույն ժամանակահատվածում կազմել է 56,1 տոկոս: