Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2009 թվականին կարող է գերազանցել ՀՆԱ-ի 7,5 տոկոսի մակարդակը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել բյուջեի դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ-ի 7,5 տոկոսի բարձրացման նախագիծը, հաղորդել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովում: «Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի համար, քանի որ վերջին մի քանի տարում մեր դեֆիցիտը երբեք չի գերազանցել 3 տոկոսը եւ միշտ եղել է նախատեսվածից ցածր: Այսօր չի բացառվում, որ բյուջեի ճեղքվածքը 2009 թվականին կարող է գերազանցել ՀՆԱ-ի 7,5 տոկոսի մակարդակը:



Սարգսյանը հիշեցրել է, որ ԱԺ-ն հաստատել է 940 մլրդ բյուջեն եւ կառավարությունը մտադիր չէ սեկվեստր կիրառել: «Մենք մտադիր չենք սեկվեստր կիրառել, քանի որ այն բացասաբար կանդրադառնա մակրոտնտեսական ցուցանիշների վրա»,-ասել է նա: Այս համատեքստում Տ.Սարգսյանը հավելել է, որ այս դեպքում նպատակահարմար կլինի ավելացնել բյուջեի դեֆիցիտը:



Վարչապետն ասել է, որ դեֆիցիտը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին` շուրջ 80 մլն դոլար, ՀԲ-ի- 50 մլն դոլար, 24 մլրդ դրամ կօգտագործվի ռուսական վարկից, ինչպես նաեւ 24 մլրդ դրամ ներքին շուկայից:



Այս առնչությամբ Սարգսյանը նշել է, որ ամենախոշոր ներդրումը կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային միջոցներից` շուրջ 150 մլն դոլար: Ընդ որում նա հավելել է, որ նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ գումարել` այս պայմանագրի վավերացման նպատակով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---