8 հուլիսի 2009 - 20:39 AMT
Արցախի կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունների ձեւաչափին` Էդվարդ Նալբանդյանը նշեց բանակցային գործընթացում արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը` որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:

Համանախագահներն իրենց ափսոսանքը հայտնեցին, որ եղանակային պայմանների պատճառով այս անգամ չկարողացան այցելել Ստեփանակերտ: Հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարաթյունը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման մասին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի արտգործնախարարի որոշելիքը չէ, այդ հարցի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: