8 հուլիսի 2009 - 22:30 AMT
Լեռնային Ղարաբաղն անպայման կդառնա բանակցային գործընթացի մասնակիցը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղն անպայման կդառնա բանակցային գործընթացի մասնակիցը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, դա տեղի կունենա մադրիդյան սկզբունքների, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները, կեսը համաձայնեցնելուց հետո:

Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի խոսքերը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու անհնարինության մասին` ռուս դիվանագետը նշել է, որ տարօրինակ կլիներ Ադրբեջանի նախագահից այլ հայտարարություն ակնկալել: Դրա հետ մեկտեղ Մերզլյակովն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը երկարատեւ գործընթաց է:

Բեռնար Ֆասյեն իր հերթին ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ չի պատրաստվում մեկնաբանել այս կամ այն նախագահի խոսքերը: «Ես պետք է ասեմ, որ հասարակական հրապարակումները միշտ չէ, որ համընկնում են բանակցային գործընթացի իրականության հետ»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը: