8 հուլիսի 2009 - 22:41 AMT
Հայաստանի տնտեսությունը մյուսներից լավ էր նախապատրաստված ճգնաժամին
Արտաքին շոկերի հաղթահարմանն ուղղված Հայաստանի կարճաժամկետ հակաճգնաժամային քաղաքականության հետ ամեն ինչ նորմալ է, PanARMENIAN.Net-ի թղթակիցի հետ զրույցում ասել է ՌԴ կառավարությանը կից ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտորի խորհրդական Լեւ Ֆրեյնկմանը: «Հայաստանի կառավարությունը ամրության մեծ պաշար ուներ, մյուսներից լավ էր նախապատրաստված ճգնաժամին»,-ասել է նա: Ֆրեյնկմանը պարզաբանել է, որ նման պատրաստվածությունը պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ քիչ քանակով պարտքերի, միջազգային ֆինանսական կառույցների հետ լավ հարաբերությունների արդյունքն է, ինչը թույլ տվեց հեշտությամբ, արագ ու էժան բազում արտաքին ռեսուրսներ ներգրավել ճգնաժամի դեմ պայքարում: «Այս իմաստով կառավարության քաղաքականությունն արդյունավետ է, շատ միջոցներ են ներգրավվել, այժմ դրանք կներդրվեն տնտեսության մեջ, նվազեցնելու համար անկման չափերն այս տարի»,-ասել է նա:

Ռեկտորի խորհրդականը հավելել է, որ դա մեծ ռիսկերի հետ է կապված, քանի որ իշխող վերնախավի վրա ճգնաժամն այնքան էլ չի անդրադառնա, եւ երբ ճգնաժամն ավարտվի, բավականաչափ բարեփոխումներ չեն կատարվի, որպեսզի ապագա տնտեսական աճը տարբերվի նախորդից: «Ռիսկը կապված է նրա հետ, որ տնտեսության կառուցվածքը չի փոխվի»,-ասել է նա:

Թղթակցի այն հարցին, թե չի ուշացել արդոյք կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների հետ, Ֆրեյնկմանն ասել է, որ լավ կլիներ ամեն ինչ մի փոքր շուտ սկսել, տարվա սկզբին, սակայն մեծ խնդիրներ այստեղ չկան: «Չկա այն զգացողությունը, թե երկիրը ինչ-որ տեղ շատ է ուշացել»,-ասել է Ֆրեյնկմանը:

Ֆրեյնկմանը ներկայացրել է Հայաստանի համար ճգնաժամից դուրս գալու իր տեսլականը: «Մեխանիզմը շատ պարզ է` մի կողմից լրացուցիչ բյուջետային ծախսը, լրացուցիչ պահանջարկն ու դրամական փոխանցումների վերսկսումը կօգնեն Հայաստանին հաղթահարել ճգնաժամը, քանի որ համաշխարհային գներն աճում են»,-ասել է Ֆրեյնկմանը: